Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արծվիկ Մինասյանի նկատմամբ կարմիր բերետավորների կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Երևանում իրականացվող խաղաղ ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ մայիսի 18-ին։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Ա. Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետեւ մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։

ՀՀ գլխավոր դատախազությունից նույն օրը «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու։ ՀԿԿ-ում արդեն նյութերի նախապատրաստման շրջանակներում Արծվիկ Մինասյանը բացատրություն է տվել, մանրամասն ներկայացրել եղելությունը՝ մատնանշելով նաև կոնկրետ ոստիկանների։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՀԿԿ-ից։

Նշենք, որ այս պահին քրեական գործով դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

Please enter a valid URL