Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրենք մնացել են իրենց «պրիոմի» տակ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության ակցիաների մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հրաժարվեց ասել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ, ես իրավունք չունեմ նման արտահայտություն անել, քանի որ դա փաստի առջև կկանգնեցնի թե՛ բանակցողներին, թե՛ ողջ բանակցային գործընթացը», – ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարությունը անընդունելի է։ Անդրադառնալով երեկ Կառավարական 3-րդ մասնաշենքի շրջակայքում տեղի ունեցած իրադարձություններին։ Նա նշել է, որ ընդդիմությունը այդ նույն հարցադրումը անելու հնարավորություն ունի առանց շոուներ կազմակերպելու, Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։

«Հնարավորություն ունի գրավոր դիմելու, ինչը պատգամավորների լիազորությունների մեջ է մտնում»,-նշեց նա։

Սիմոնյանը հարց ուղղեց․ ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, եթե դուրս են եկել փողոցային պայքարի։

«Իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ վարչապետը և այսօրվա իշխանությունը կորցրել է լեգիտիմությունը, բայց ակնհայտ է՝ լեգիտիմության խնդիր այսօր հենց իրենք ունեն։ Իրենց ընտրած 21 տոկոսի 2 տոկոսն էլ իրենց չի աջակցում, փողոց դուրս չի գալիս։ Սա վերածվել է մարդկանց ներվայնացնելու, խցանումներ ստեղծելու մանիայի։ Նրանք գտնվում են շատ ծանր կացության մեջ։ Իրենք մնացել են իրենց «պրիոմի» տակ»,-նշել է նա։

ԱԺ նախագահի խոսքով՝ իշխանությունը չի օգնի նրանց այդ իրավիճակից դուրս գալ․ «Թույլ ենք տալու, որ իրենք մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները»։

Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից, որ վերջիններս ստիպված են լինում խցանումների և ընդդիմության ստեղծած իրավիճակի ականատեսները լինել․ «Խնդրում եմ՝ մի քիչ դիմացեք, այս ամենը կավարտվի»։

Լրագրողի հարցին՝ չի ուզում ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ իշխանությունը «բերել է ժողովրդի գլխին», Սիմոնյանը արձագանքեց․ «Դրա համար ներողություն մենք վաղուց խնդրել ենք, դրա համար մենք գնացել ենք ընտրությունների, ժողովրդի դատին ենք հանձնվել։ Ժողովուրդը իր գնահատականը տվել է»։

Please enter a valid URL