Search
Close this search box.

FlyOne Armenia ավիաընկերությունը ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչք իրականացնելու թույլտվություն

FlyOne Armenia ավիաընկերությունը վերսկսում է Երևանից դեպի Լիոն և Փարիզ ուղիղ կանոնավոր չվերթերի իրականացումը՝ ամառային թռիչքային շրջանի ամբողջ ընթացքում։

«Արմենպրես»–ի հետ զրույցում FlyOne Armenia ավիաընկերությունը խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ թռիչքների երթուղու մի մասն անցնում է Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով և ավիաընկերությունը ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչքն իրականացնելու (overflight) թույլատվությունը։

«Երևան- Ստամբուլ- Երևան չվերթերն իրականացվում են անխափան՝ շաբաթական երեք թռիչք հաճախականությամբ։ Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրի լուծման հարցում գործուն միջամտության համար։»,-նշեց Արամ Անանյանն՝ ավելացնելով, որ անելու են հնարավորը թռիչքների անխափան ընթացքն ապահովելու համար:

Ավելի վաղ FlyOne Armenia ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից վերսկսում է Երևան – Լիոն – Երևան, Երևան – Փարիզ – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան – Փարիզ – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

Please enter a valid URL