Search
Close this search box.

Ադրբեջանը Հայաստանին իրավական երաշխիքներ չի տալիս հաղորդակցությունների ապաշրջափակման համար

Ադրբեջանը չի արձագանքել հաղորդակցությունների բացման վերաբերյալ պարտավորություններն իրավաբանորեն ամրագրելու Հայաստանի առաջարկին։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Մարտի 31-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ պարտավորությունները պետք է փոխադարձ լինեն։ Նա հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ մեքենայի ճանապարհ, և՛ երկաթուղի կառուցել, սակայն կարևոր է համարում Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը, որն իրավաբանական ուժ կունենա։

«Մենք շատ կոնկրետ ռիսկեր ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ի՞նչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը…», – հայտարարել էր այն ժամանակ Փաշինյանը։

Մհեր Գրիգորյանից, ով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահն է, հետաքրքրվեցինք, թե արդյոք Ադրբեջանն արձագանքե՞լ է այս առաջարկին և արդյոք այդ ռիսկը դեռ գոյություն ունի:

«Ադրբեջանը դեռ չի արձագանքել այս հարցին, և նշված ռիսկը դեռ գոյություն ունի», – ասել են գրասենյակում։

Արդյոք ՀՀ-ն կշարունակի/կսկսի շինարարությունն այս ռիսկի պահպանման պայմաններում հարցին, ստացել ենք հետևյալ պատասխանը.

«Հայաստանի Հանրապետությունը բացահայտում և արձանագրում է բոլոր նմանատիպ ռիսկերը՝ դրանց պատշաճ կառավարման նպատակով», – ասել է Գրիգորյանը։

Չի որոշվել նաև հնարավոր ավտոմոբիլային ճանապարհի երթուղին և արժեքը, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել էր ՀՀ վարչապետը:

Գրասենյակից պատասխանել են, որ «նշված հարցերը դեռ քննարկման փուլում են»։

Մայիսի կեսերին ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ տարածքում Երասխ–Հորադիզ երկաթգծի 43 կմ հատվածի գեոդեզիական նկարահանում է իրականացվել։

Ֆինանսավորման վերաբերյալ հարցին նախարարությունում պատասխանել էին, որ դրան հնարավոր կլինի անդրադառնալ նախագծահաշվարկային աշխատանքների ավարտից հետո։

Please enter a valid URL