Search
Close this search box.

Օրհասական է պահը. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Անկախության տոնի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարյուրամյակների ծանր փորձություններից և անղեկ նավարկություններից հետո 104 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, Հայ ժողովուրդը վերահաստատեց անկախություն ունենալու իր կամքը՝ այն ամրագրելով Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ։

Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրն է և, անհերքելիորեն, Հայոց պատմության շրջադարձային էջ:

Այն հնարավոր դարձավ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակներով։ Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց հայ ժողովրդի վճռական կամքով, միասնականությամբ և համազգային զորաշարժով և, անշուշտ, օրվա քաղաքական ու ռազմական ղեկավարության բացառիկ նվիրումի, խորատեսության և զոհողությունների գնով կասեցվեց հայ ժողովրդին վերջնականապես բնաջնջելու թուրքական ծրագիրը։

Արևելյան Հայաստանի փոքր մի հատվածի և Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մնացորդացի վրա վերընձյուղվեց Հայոց պետականությունը։

Մենք բոլորս՝ իբրև ինքնություն, իբրև կազմակերպված ազգ և հավաքականություն, սերում ենք Մայիսի 28-ից, մենք Մայիսի 28-ով կերտված Հայաստանի առաջին հանրապետության ժառանգորդն ենք, մեր հավաքական հաղթանակների և պարտությունների պատասխանատուն։

Այսօր, երբ Հայոց պետականության ընթացքն անդառնալի կորուստներ է արձանագրում, երբ գնալով խորանում են հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները, երբ հայ ժողովուրդը դարձյալ գոյաբանական խնդրի առջև է կանգնած, Մայիսի 28-ի դասերն ավելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբվել հանուն համաժողովրդական, միասնական պայքարի, հանուն Արցախի փրկության, հանուն Հայոց պետականության կազմալուծման կասեցման, հանուն մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնման։ Օրհասական է պահը։ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին։

Փա՜ռք և խոնարհում Մայիսի 28-ը կերտողներին։ Արժանի հետևորդը լինենք նրանց պատգամի։

Փա՜ռք Հայոց Պետականությանը։

Շնորհավոր Անկախության Տոնդ, Հայաստան»:

Please enter a valid URL