Search
Close this search box.

Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը․ Արցախի նախագահի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ուզում եմ իմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հղել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Մեր բազմադարյա պատմության տարբեր շրջափուլերում ստիպված ենք եղել կանգնել նույն մարտահրավերների առջև, դիմակայել նույն փորձությունները, անցնել նույն դժվարությունների միջով: Եվ, չնայած ճակատագրի ծանր հարվածներին, միշտ կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ և շարունակել ապրել՝ լուռ ամոքելով չսպիացող վերքերը, նորից ու նորից կառուցելով մեր ավերված տունն ու օջախը, շենացնելով հայրենի հողն ու երկիրը:

Վկան՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, և արդյունքում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը, որն այն ժամանակ անիրականանալի երազանք էր թվում ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի համար:

Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև: Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը:

Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը: Դա՛ է Հայաստանի Առաջին Հանրապետության կարևոր դասը, դա՛ է պատմական հերոսամարտեր կերտած մեր սուրբ նահատակների պատգամը, որը պետք է անխախտ ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար:

Ուրեմն, ամեն մեկս մեր տեղում պարտավոր ենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն հայոց պետականության զորացման, հանուն հայ ժողովրդի հավերժական ու անխափան երթի»:

Please enter a valid URL