ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած մի շարք օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին փաթեթը, որով առաջակվում է խոշորացնել մինչ այժմ խոշորացված համայնքները: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ 2016 թվականին սկսված համայնքների միավորման, խոշորացման գործընթացի արդյունքում, մինչև այսօր Հայաստանի 908 բնակավայր միավորվել ու խոշորացվել է 72 համայնքի մեջ: Ներկայում կա 72 խոշորացված համայնք և ևս 7 համայնք, որոնք խոշորացված չեն: Դրանք են Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին բնակավայրերը:
«Առաջարկում ենք այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ: Վերջին տարիներին անընդհատ քննարկումների արդյունքում ավելի հիմնավորված է եղել շրջանային մոդելի նման տարբերակը: Այս որոշումներով վերադառնում ենք շրջանային մոդելին»,-ասաց նախարարը:
Գնել Սանոսյանը նշեց, որ առաջարկվում է Արագածոտնի մարզում միավորել Թալին և Արագածավան խոշորացված համայնքները: Նրանք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում կմիավորվեն ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին: Լոռու մարզում կմիավորվեն Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ թվով 36 բնակավայր:
«Այսպիսով, այս 13 համայնքները, որոնք միասին 141 բնակավայր են, առաջարկում ենք միավորել 5 համայնքների մեջ: Արդյունքում Հայաստանում կունենանք 64 խոշորացված համայնքներ»,-ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կառավարության ուղեգիծն է, որն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն:
«Տնտեսական արդյունավետությունից բացի, մենք սրանով ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն ենք տալիս: Ժողովրդավարության ավելի մեծ հարթակ ենք բացում: Մենք համայնքների հզորացման գործընթաց ենք սկսել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: