2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունից հետո Ռուսաստանը, փաստացի, դարձավ Արցախի հայության անվտանգության երաշխավորը:
44-օրյա պատերազմին ավարտ տված հայտարարության համաձայն, հակամարտող ուժերը կանգ առան այն բնագծերում, որոնք զբաղեցնում էին հայտարարության ստորագրման պահի դրությամբ:
Նոյեմբերի 10-ի դրությամբ դեռևս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները (բացի դրան հաջորդող օրերին հանձնված Քելբաջարի, Լաչինի ու Աղդամի շրջաններից) անցան ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ:
2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, սակայն, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ ռուսական ուժերը որևէ կերպ չեն միջամտել ադրբեջանական կողմի ոտնձգություններին՝ փաստացի չկատարելով անվտանգության երաշխավորի իրենց գործառույթը:
Արցախ
Առաջին նման դեպքը, թերևս, տեղի ունեցավ պատերազմի ավարտից շատ չանցած՝ 2020 դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանական ուժերը գրավեցին նոյեմբերի 10-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը՝ սպանելով ու գերեվարելով հայ զինծառայողների: Ռուսական խաղաղապահ ուժերն այդ ժամանակ չարձագանքեցին ադրբեջանական ագրեսիային, իսկ օրեր անց համակերպվեցին ստեղծված իրավիճակի հետ՝ խաղաղապահ առաքելության քարտեզում ադրբեջանական վերահսկողության գոտում թողնելով նշված գյուղերը:
Արցախի բնակչության, ինչպես նաև զինվորականների դեմ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, սակայն, հետագայում ևս շարունակվեցին: Ըստ Արցախի դատախազության տվյալների, 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի հունվարի մեկը արցախահայության նկատմամբ կատարվել է 69 հանցագործություն, այդ թվում՝ սպանվել է 3 քաղաքացիական անձ և 10 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 77-ը (50 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 8-ը, սպանության սպառնալիքի` 2-ը:
Իսկ արդեն 2022 թվականի մարտին իսկական ագրեսիա է իրականացվել Արցախի Փառուխ և Խրամորթ գյուղերի ուղղությամբ, որի հետևանքով գրավվել է Փառուխ գյուղը, իսկ տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել երեք, վիրավորվել 14 զինծառայող: Նույն այդ ժամանակահատվածում ադրբեջանցիները, փաստացի, խափանել էին ողջ Արցախի գազամատակարարումը՝ առանց ջեռուցման թողնելով տասնյակ հազարավոր արցախցիների:
Գրեթե բոլոր այս միջադեպերը տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ, սակայն վերջիններս դրանց արձագանքել են արդեն պոստ-ֆակտում՝ ընդամենն արձանագրելով խախտումները:
Հայաստան
Եթե Արցախում Ռուսաստանն իրականացնում է խաղաղապահ առաքելություն և այդ առաքելության շրջանակներում է պատասխանատու արցախցիների անվտանգության համար, ապա Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է:
Հայաստանին և Ռուսաստանին կապում են տասնյակ միջպետական փաստաթղթեր, որոնցից որոշները ուղղակիորեն վերաբերում են Հայաստանի անվտանգության գործում Ռուսաստանի դերակատարմանը:
Մասնավորապես, համապատասխան պայմանագրերով Հայաստանի տարածքում՝ Գյումրիում և Սիսիանում, տեղակայված է 102-րդ ռուսական ռազմական բազան, իսկ ռուս սահմանապահներն իրականացնում են հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանի պահպանությունը: Բացի դա, անվտանգության վերաբերյալ դրույթներ ունի 1997 թվականի՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, համաձայն որի՝ եթե կողմերից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք, ապա կողմերը պետք է անցկացնեն խորհրդակցություններ՝ «համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով»:
Սակայն բացի երկկողմանի պայմանագրերից, Հայաստանը նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: ՀԱՊԿ-ն միջազգային անվտանգային կառույց է, որի առանցքային դերակատարը Ռուսաստանն է, իսկ բացի Հայաստանից դրան անդամակցում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Այս կառույցի շրջանակներում ևս Ռուսաստանն անվտանգային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, եթե վերջինս դիմի համապատասխան օգնության ակնկալիքով:
Չնայած այս ամենին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն, մեղմ ասած, չեն շտապում կատարել իրենց պարտականությունները, նույնիսկ երբ Հայաստանը դիմում է օգնություն ստանալու համար:
Սոթք ու Սև լիճ
2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք՝ առաջ գալով Սյունիքի մարզի Սև լճի և Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում:
Այս դեպքերի կապակցությամբ արդեն մայիսի 13-ին Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ խորհրդակցություններ սկսելու ակնկալիքով: ՀԱՊԿ արձագանքը, սակայն, եղավ ոչ օպերատիվ, իսկ երկար ու ձիգ քննարկումներից հետո այդ կառույցն ընդամենը եզրակացրեց, որ տեղի ունեցածը «սահմանային վեճ է» և դուրս է ՀԱՊԿ լիազորությունների շրջանակից:
Երասխ
Հուլիսին Ադրբեջանը սադրանքներ սկսեց արդեն Արարատի մարզում՝ Երասխում, Երևանից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ հայկական կողմի հաղորդագրությունների, ադրբեջանցիները փորձել էին առաջ տալ այդ հատվածում իրենց դիրքերը, հայկական զինված ուժերը դիմել էին պատասխան գործողությունների, տեղի էին ունեցել ակտիվ մարտական գործողություններ՝ ռուսական ստորաբաժանումների տեսանելիության գոտում:
Սիսիան
2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանցիները հարձակման էին անցել Սիսիանի ուղղությամբ՝ Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի արևելյան հատվածներն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը բաժանող «ամենաբարակ» հատվածում: Ադրբեջանցիների առաջխաղացումը թույլ չտալու համար հայկական կողմը դիմել էր պատասխան միջոցների, բռնկվել էին մարտեր՝ ընդհուպ հրետանու կիրառմամբ: Այս դեպքերը ևս տեղի էին ունենում ռուսական ստորաբաժանումների ուղիղ տեսանելիության գոտում:
Վերոնշյալ երկու դեպքերում էլ բախումները տեղի էին ունեցել ռուսական ստորաբաժանումների տեսանելիության գոտում, սակայն վերջիններս չէին միջամտել հօգուտ իրենց դաշնակիցների:
Այսպիսով, հաշվի առնելով 2020 թվականից հետո կուտակված փորձը, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը հուսալի ու վստահելի գործընկեր չէ անվտանգության ապահովման հարցում և փաստացի միշտ չեզոքություն է պահում Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների դեպքում: Էլ ավելի մտահոգիչ է իրավիճակը Արցախի հարցում, որտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում են բնակվում 100 հազարից ավելի արցախցիներ։
Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»