Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը խոսել է գերմանական Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայում ապրիլի 26-ին մեկնարկած ձևաչափով երեկվա հանդիպման մանրամասների մասին, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։
Ռամշտեյնը դառնում է ազատ աշխարհի իրական կոալիցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, ուրախ եմ, որ մասնակից երկրների թիվն ավելանում է, գրել է Ռեզնիկովը Ֆեյսբուքի իր էջում։
«Եթե առաջին հանդիպման ժամանակ հիմնական բառերն էին timing եւ transition, ապա այս անգամ ավելացավ coordination բառը: Մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք այն բանի վրա, որ միջազգային աջակցությունը առավելագույն ազդեցություն ունենա»,- ասել է Ռեզնիկովը։
Նրա խոսքով, հանդիպմանը երկրները հայտարարել են Ուկրաինային աջակցելու նոր ուղիների մասին, որոնք կարող են դառնալ «խաղի կանոնների փոփոխություն» այս պատերազմում։
«Հուսով եմ, որ հունիսին հաջորդ հանդիպմանը ես կկարողանամ իմ գործընկերներին զեկուցել այն զենքի կիրառման արդյունքների մասին, որի մասին խոսվել է մայիսի 23-ի հանդիպմանը: Մենք արդեն ստացել ենք առափնյա պաշտպանության սպառազինության հաստատում: Մասնավորապես, խոսքը արձակման կայանների և հականավային Harpoon հրթիռների մասին է: Լուծումը գտնվել է մեր գործընկեր մի քանի երկրների համատեղ ջանքերի շնորհիվ: Եղել են նաև այլ հաճելի անակնկալներ, որոնք կբարձրացնեն ուկրաինական բանակի հզորությունը և տհաճ կլինեն թշնամու համար, բայց դրա մասին ավելի ուշ»,- խոստացել է Ռեզնիկովը։
«Հանդիպման բոլոր մասնակիցներն իրենց անսասան աջակցությունը հայտնեցին Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում և հիացմունք հայտնեցին մեր Զինված ուժերի հերոսության և պրոֆեսիոնալիզմի, ողջ ուկրաինացի ժողովրդի տոկունության համար: Ուկրաինան անպայման կհաղթի»,- ամփոփել է պաշտպանության նախարարը։