Search
Close this search box.

Ում ինչ է արգելված

Հայաստան դաշինքի մի քանի պատգամավորներ ԱԳՆ շենքի մուտքերի շրջափակումից հետո մտել են շենք եւ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին առաջարկել վերցնել Արցախի դրոշը եւ հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մնացական Սաֆարյանն ընդգրկված է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի» կազմում, որը հրապարակվել է Փաշինյանի Բրյուսել այցից հետո։

«Դուք այս ճգնաժամը մեկ նախադասությամբ կարող եք հաղթահարել, պետք է միայն ասեք այդ պարզ նախադասությունը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», փոխնախարարին ասել է պատգամավորներից մեկը։ Վերջինս սակայն չի ասել։ Հարցին, թե արգելվա՞ծ է իրեն նման բան հայտարարել, փոխնախարարն ասել՝ արգելված չէ։

Իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետից սկսած, շատ բան չեն ասում, դա բացատրելով նրանով, որ նման հայտարարությունները կարող են լրացուցիչ լարվածության պատճառ դառնալ։ Հատկանշական է սակայն, որ նման կերպ իշխանության ներկայացուցիչներն են երբեմն հարցեր ուղղում խորհրդարանական «ընդդիմությանը»։ Օրինակ, վարչապետը մի քանի անգամ խորհրդարանում հարցրել է նրանց՝ «դուք դե՞մ եք եռակողմ հայտարարությանը, Ռուսաստանի առաջարկած ծրագրերին, դե հայտարարեք այդ մասին»։ Պատասխան չի եղել։

Հանրությունն էլ կարող է նման կերպ հարց ուղղել իշխանությանն ու խորհրդարանի «ընդդիմությանը»՝ իսկ դուք կարո՞ղ եք խորհրդարանում քննարկման դնել ազգային-պետական իրավունքներին ու շահերին առնչվող հիմնարար խնդիրները, օրինակ՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման, վերամիավորման որոշման իրագործման խնդիրները։ Կարո՞ղ եք խորհրդարանում քննարկման դնել 1921-ի ռուս-թուրքական Մոսկվայի/Կարսի պայմանագրերի հարցը, որոնց իրավական առավելագույն ժամկետի սպառման հետ էր կապված ռուս-թուրքական 2020-ի ագրեսիան Հայաստանի դեմ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որի հետեւանքն են լինելու «Արցախի հայաթափումն ու Հայաստանի թրքացումը»։ Կարո՞ղ են քննարկել նոյեմբերի 9-ի թուղթը չեղարկելու հարցը՝ դրա շահառուների՝ Բաքվի ու Մոսկվայի կողմից բազմաթիվ խախտումների հիմքով։

ՔՊ-ական իշխանության՝ Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության, դիմադրության շարժում հռչակած խորհրդարանի «ընդդիմության»՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում կարգախոսները պարզ դեմագոգիա են։ Իրավունքները, կարգավիճակն ու անվտանգությունը օդից չեն ընկնելու, դրա համար քաղաքականություն է պետք վարել՝ հիմնված իրավունքների ու շահերի, միջազգային դերակատարության հայտի վրա։ Ինչպես նաեւ՝ կարեւոր որոշումների ընդունումը խորհրդարանում։

Ներքին դիմակայության կողմերը խնամքով եւ դիտավորյալ խուսափում են դրանից, եւ այս հանգամանքն անհնար է քողարկել իրար հայհոյելով ու «թասիբի գցելով»։ Արգելվա՞ծ է։ Կարեւոր չէ, կարեւորն այն է, որ հայաստանյան իշխող ու չիշխող նոմենկլատուրան մսխում է Հայաստանի հնարավորություններն ու ժամանակը։
LRAGIR.AM

Please enter a valid URL