Search
Close this search box.

Նոր մանրամասներ ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքից. այն տեղի է ունեցել կնոջ բարեկամուհու տանը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի 42-ամյա բնակչուհու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ Գյումրի քաղաքի բնակչուհու դանակահարման վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 22:27-ին. քննչական-օպերատիվ խմբի կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 1979թ. ծնված բնակչուհու դին՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժածը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է բարեկամուհու տանը:

Նախնական տվյալներով՝ մայիսի 22-ի երեկոյան 42-ամյա կնոջ և նրա ամուսնու՝ Գյումրի քաղաքի 1972թ. ծնված բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս, կնոջ բարեկամուհու ներկայությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ որովայնի և ծնոտի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տղամարդն ինքնակամ ներկայացել է իրավապահներին, ձերբակալվել, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննություններ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման նյութի նմանվող հետքերով, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու հագին դեպքի պահին եղած հագուստները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Please enter a valid URL