44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատները մայիսի 20-ին հանդիպեցին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, հայտնում է 5165 շարժման ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման օրակարգում այն հարցն էր, թե ինչու քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը: Ժամեր տևած հանդիպումից հետո ծնողները հայտարարեցին, որ Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը հավաստիացրել է՝ ամենասեղմ ժամկետում գործի քննություն կիրականացվի, սակայն զոհված զինծառայողների ծնողներին հետաքրքիր էր, թե հստակ ինչ ժամկետների մասին է խոսքը։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, նշեց. «Մեր պահանջն այն է, որ հասկանանք՝ երբ են հարցաքննելու Նիկոլ Փաշինյանին, մեզ պատասխան չտվեցին, միայն ասվեց, որ գործը նոր է տեղափոխվել Քննչական կոմիտե, և իրենք չեն կարող ասել, թե իրենց ողջամիտ ժամանակը որքան է։ Մենք համառորեն խնդրեցինք մոտավոր ասել, թե որքան է այդ ժամանակը, սակայն ոչ մի պատասխան էլ չստացանք ողջամիտ ժամկետի մասին»։
Համախմբման անդամները ևս այնտեղ էին` ի աջակցություն զոհված զինծառայողների ծնողների։ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ ինքը և զոհվածների հարազատները համակարծիք են. «Սա մեկնաբանում ենք այնպես, որ Քննչականի պետի ցուցումով պետք է հարցաքննությունն իրականացվի կամ չիրականացվի, հարցաքննվի կամ չհարցաքննվի: Այն պարագայում, երբ դատախազը ցուցումը տալիս է, արդեն իրավունքի ուժով պետք է իրականացվի քննություն, հետևապես՝ ո՞րն է հապաղման պատճառը»։