Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է ներկայում մի շարք երկրներում կապիկի ջրծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերմանը՝ ասելով, որ վարակումը հնարավոր է հիվանդի հետ առնվազն երեք ժամ շփման դեպքում՝ միմյանցից մետր հեռավորության վրա։
«Վիրուսը դժվար է փոխանցվում մարդուց մարդուն, անհրաժեշտ է սերտ շփում երկար ժամանակ (միմյանցից մեկ մետր հեռավորության վրա՝ առնվազն երեք ժամ)»,- պարզաբանել է բժիշկը։
Համեմատած մարդկանց ջրծաղիկի հետ՝ այս վիրուսն ավելի քիչ վարակիչ է և ունի մահացության շատ ավելի ցածր մակարդակ՝ մոտ 10 տոկոս մարդկանց մոտ, ասել է նա:
Երեկ հաղորդվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրում է փորձագետների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու աշխարհի մի շարք երկրներում կապիկի ջրծաղիկի բռնկումը։
Հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։
Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Այն սովորաբար թեթև ընթացք է ունենում և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ:
Մասնագետներն ընդգծում են, որ այն չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, բայց այն կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։ Հիվանդության սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն:
Կարող է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Այն փոխվում է և անցնում տարբեր փուլերով՝ մինչև քոսի վերջնական ձևավորումը, որը հետագայում թափվում է։