Մարտ ամսին Բաքվի ՊՆ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության հանդիպումից հետո Արցախի Քարագլխի շրջանում Բաքվի զինվորականների ու խաղաղապահների իրականացրած համատեղ գործողությունն Ուկրաինայում ոգեւորությամբ ընկալվել էր որպես «Ադրբեջանի բացած երկրորդ ճակատ ՌԴ դեմ»։ Սակայն որոշ ժամանակ անց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան շտկեց իրավիճակը, հայտարարելով, որ «այնտեղ իրավիճակն այլ է՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին գործում են Հայաստանի դեմ»։
Բաքվից բացի, տեւական ժամանակ Ուկրաինայում դաշնակից էր համարվում նաեւ Թուրքիան։ Սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնման, ՌԴ դեմ պատժամիջոցների, Մերձավոր Արեւելքից վարձկանների տեղափոխման հարցերում Թուրքիայի դիրքորոշումները պատճառ են դարձել, որ Կիեւում կասկածեն Անկարայի մտադրություններին։ Բացի այդ, Թուրքիան միանում է «Պուտինի դեմքը փրկելու» արշավին, որի իմաստը Մոսկվայի տարածքային զավթումների ճանաչումն է հրադադարի դիմաց, կամ ինչպես Կիեւում են մեկնաբանում՝ Մինսկ 3-ի պարտադրումը։ Ավելին, երկար ժամանակ Թուրքիայի միջնորդությամբ բանակցելով, Կիեւը ներկայում Մինսկ 3-ի կողքին է դնում Ստամբուլը, որտեղ ինչ որ փաստաթուղթ էր քննարկվում հրադադարի մասին։
Մոսկվան ու Անկարան այսպիսով ծուղակ էին պատրաստել Կիեւի համար, փորձելով հաստատել Հայաստանի դեմ հաջողությամբ կիրառված եռակողմ ձեւաչափ։ Ուկրաինան ներկայում հայտարարում է, որ Մինսկ 3 կամ Ստամբուլ չի լինելու։ Բայրաքթարների մատակարարումներն ու Մոնթրոյի կոնվենցիան պահելու խոստումները եռակողմ ձեւաչափին հասնելու միջոց են, ոչ ավելի։
Բաքուն ու Անկարան ներկայում Մոսկվայի հետ քննարկում են պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմներ, մասնավորապես էներգետիկայի ոլորտում։
lragir.am