Search
Close this search box.

Թաքուն ասեղով ծակում են ոստիկաններին․ փոխոստիկանապետը ոստիկանների ու ցուցարարների պահվածքի մասին

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում տարածվում է տեսակետ, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ։ Հասկանում եմ, որ այդ եզրույթը ականջահաճո է, սակայն պետք է տանք հստակ իրավական գնահատական, առավել ընդունելի է անհամաչափ ուժ եզրույթը։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը․ «Ցավոք, երբեմն ոստիկանության գործողություններում ականատես ենք լինում անհամաչափ ուժի կիրառման։

Բոլոր դեպքերով մեր կողմից իրականացվում են համապատսխան ստուգումներ։ Այս պահի դրությամբ ունենք 47 ծառայողական քննություն, դրանցից ոմանք բազմադրվագ են։ 47-ից 34 դեպքով էլ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախապատրաստվել են նյութեր և հարուցվել քրեական գործեր։ Քաղաքացիների կողմից էլ կան բազմաթիվ դեպքեր, երբ ոչ իրավաչափ գործունեություն է իրականացվում։ Այդ դեպքերի առնչությամբ էլ ունենք 13 նյութ։ Շատ են դեպքերը, երբ ոստիկանության կիրառած առերևույթ անհամաչափ ուժը արդյունք է քաղաքացիների սադրիչ գործողությունների։ Բազմաթիվ դեպքեր ենք արձանագրել, երբ վիրավորական արտահայտություններ են հնչում ոստիկանների հասցեին, նաև հայհոյանքներ, ասեղով ծակում են ոստիկանության ծառայողներին, այնպես են ծակում, որ չնկատվեն։

Աչքի են ընկնում նաև առանձնահատուկ ագրեսիվ դրսևորմամբ իգական սեռի ներկայացուցիչներ։ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել է պատ, որտեղ ներկայացվում են ոստիկանների լուսանկարները։ Այս ամենը չի կարող ոստիկանների վրա բացասական ազդեցություն չունենալ, այս ամենի համագումարը երբեմն ծնում է վերաբերմունքը, որը երբեմն ոստիկանության աշխատակիցները դրսևորում են։ Սա չի արդարացնում նրանց, սակայն ոստիկանը նաև մարդ է»,-նշել է Ֆիդանյանը։

Please enter a valid URL