ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարություններին։ «Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:
Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,-հայտարարել է Վ․ Հունանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը երկու անգամ չեղյալ է հայտարարել երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների հանդիպումը։ Ըստ Ալիևի՝ ապրիլի 29-ին Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը, ինչպես նաև հրաժարվել է մայիսի 7-11-ին սահմանին նոր հանդիպում անցկացնելուց։