Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ համաձայն դրա՝ այս տարվա հուլիսի 1-ից քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագոմարից։
«Նշեմ, որ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում է կատարվել գործարքները։ Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։ Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ։ Մինչև հունիսի 1-ը նախարարությունն իր պաշտոնական կայքում կհրապարակի բոլոր այն գործընկեր բանկերի ցանկը, որոնց միացել են այս ծրագրին»,- ասաց նախարարը։
Նա նաև հավելեց, որ կա մեկ ամիս ժամանակ, որպեսզի կենսաթոշակ ու նպաստ ստացող քաղաքացիներն իրենց տվյալները տեղափոխեն այն բանկեր, որոնք կդառնան գործընկեր այս նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ծրագիրը փորձնական կգործի 6 ամսով, հընթացս թերությունները կշտկվեն։ «Ինչո՞ւ ենք 5000 դրամ թիվը դրել, որովհետև մենք միջին կեսնաթոշակների թիվը հաշվարկել ենք և ըստ էության այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում»,- նշեց Փաշինյանը։ Կառավարության անդամները նշեցին, որ սա խթան կհանդիսանա, որ առձեռն կենսաթոշակ կամ նպաստ ստացողները սկսեն բանկային քարտեր ձեռք բերել։