Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «կեղծ լուրերի տարափ» է համարում ռուսական մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ուժեր ուղարկելու համար:
«Ընդհանրապես, վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում ու, բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում են արձանագրել, որ վարչաետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին, նույնիսկ, նոյեմբեորի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին ու ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում», — կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ներկայիս ցույցերին, ապա, ԱԽ քարտուղարի խոսքով, ցույցերի կազմակերպիչները ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը օրենքի ու օրինականության շրջանակներում ու դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:
«Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը։ Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով», — նշեց Արմեն Գրիգորյանը: