Ավան վարչական շրջանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը և տեղակալ Արսեն Հովհաննիսյանն ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրուն՝ Լիաննա Աղաջանյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լիաննա Աղաջանյանը։
«Ես՝ Լիաննա Աղաջանյանս, 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրիս, աշխատում էի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես գործավար-օպերատոր։ Ինչու եմ անցյալով գրում, քանի որ երեկ ինձ ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրեմ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ՝ Վահե Մանվելի Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյանի հրամաններով։ Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ բնույթի «պարկեշտ» բառերով է ինձ հետ խոսել տեղակալը, ուղղակի մի բան կասեմ՝ ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի, ու ինձ իմ 2 երեխաներին մենակ է թողել։
Կարճ ասած՝ փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տանս վարձը և պահել երեխաներիս», — գրել է նա։