Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի կայացել մայիսի 16-17-ին նախատեսված սահմանազատման հանձնաժողովի նիստը։ «Հուսով եմ, որ հանդիպումը վերջապես կկայանա առաջիկա օրերին կամ շաբաթներին»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Նա կրկին նշել է, որ Բաքվի առաջարկած կետերը կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ «Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել», ասել է Արարատ Միրզոյանը։
Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի» միջոցով 6 կետ ուղարկեց Բաքվին, «խաղաղության պայմանագրի նախապատրաստման» տեմպերը նկատելիորեն դանդաղեցին։ Իր հերթին, Ալիևը երեկ ասել է, որ Հայաստանը երկու անգամ՝ ապրիլի 29-ին և մայիսի 7-11-ին, չեղարկել է արդեն համաձայնեցված հանդիպումները։ Նա Հայաստանից նոր ժամկետ է սպասում։
Մոսկվան և Բաքուն, ոգեշնչված Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի արդյունքներով և եռակողմ հայտարարությանը ՀՀ կառավարության հավատարմությամբ, փորձում են Հայաստանին պարտադրել «խաղաղության պայմանագրի» վերջնագրերը՝ պատերազմի արդյունքների ճանաչում և 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի վերաթարմացում՝ Հայաստանի նոր կորուստների հաշվին։
Իրանի և ԱՄՆ կոշտ հայտարարություններից հետո Երեւանն առաջ քաշեց իր 6 կետերը։ Արդյոք դա կստիպի պաշտոնական Երեւանին փոխել «ամեն գնով խաղաղություն» մուրալու իր խղճուկ կուրսը։
Ալիեւը Լիտվայի նախագահի հետ զրույցում ասել է, որ «Եվրամիությունը կապի մեջ է երկու կողմերի հետ՝ համաձայնության գալու համար»։ Իր հերթին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ «մենք դեռ շատ հեռու ենք դրանից, բայց եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կգործադրի բոլոր ջանքերը՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը»։
Հակամարտության վերսկսումը կանխելու համար Հայաստանին անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ։ Ռուսաստանն իր հերթին չի բացառում, որ հնարավոր են միջադեպեր։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «սահմանային որեւէ միջադեպ կանխելու համար անհրաժեշտ է, որ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովը սկսի աշխատանքը»։
Բաքուն և Մոսկվան կարող են դիմել բազմիցս կիրառած սահմանային նոր միջադեպերի, եթե Հայաստանը պնդի իր պայմանները: Այս մասին Փաշինյանը Մոսկվայում խոսե՞լ է Պուտինի հետ։ Թե՞ նրան ավելի շատ մտահոգում էին, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Հայաստանի ներքին գործընթացները։
lragir.am