Մենք հետեւողականորեն կողմ ենք հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը եւ դրա հետագա սահմանագծմանը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միեւնույն ժամանակ, ինչպես դա ամրագրված է Սոչիի գագաթաժողովին հաջորդած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների սահմանին կայունության մակարդակի բարձրացման համար։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը:
Գործընկերները տեղեկացրել են, որ մոտ են ազգային պատվիրակությունների ձեւավորման գործընթացի ավարտին։ Ռուսաստանն իր փորձագիտական թիմն արդեն ձեւավորել է։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Կցանկանայի նաեւ ընդգծել, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Ուրախ կլինենք կիսել մեր փորձը հայ եւ ադրբեջանցի ընկերների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակներում»,- ասել է նա։