Search
Close this search box.

41-ամյա բնակչուհին եռյակ է լույս աշխարհ բերել. Լուսինեն արդեն 6 երեխաների մայր է

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ծննդատանը վերջին երկու տարում առաջին անգամ եռյակ է ծնվել: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի 41-ամյա բնակչուհի Լուսինե Պետրոսյանը կեսարյան հատման ճանապարհով երեք արու զավակ է լույս աշխարհ բերել: Տանը փոքրիկներին երկու եղբայրն ու քույրիկն են սպասում:

Լուսինեն հղիության մասին իմացել է, երբ եղել է հղիության 4-րդ ամսում, սակայն ինչպես ինքն է ասում, նրանք Աստծո պարգև են: «Հղիություն չէինք պլանավորել, սակայն երբ իմացել եմ, որ եռյակի եմ սպասում, աննկարագրելի զգացողություններ եմ ունեցել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մայրիկը:

1 կգ 400գ, 1 կգ 500 գ, և 1 կգ 630գ քաշով փոքրիկները դեռ անուններ չունեն: Լուսինեն նշում է, որ տանը քույր-եղբայրները այդ գործով են զբաղված:

Նորածնային վերակենդանացման և խնամքի 2-րդ էտապի բաժանմունքի վարիչ Սերինե Մելիքսեթյանի խոսքով՝ նորածինները դեռ ամենաքիչը մեկ ամիս կմնան բժիշկների հսկողության տակ: Դուրս կգրվեն, երբ արդեն նորմալ քաշ կունենան, շնչառական երևույթները կկարգավորվեն, երբ կերակրվեն ամբողջ ծավալով և անցնեն բոլոր հետազոտություններն ու սքրինինգները:

«Երեխաները ծնվելուց հետո շնչացնելու կարիք են ունեցել, թեթև ասֆեքսիայով են ծնվել: Երկու բալիկները թոքերը կարգավորելու համար նախատեսված սարքին են միացված, երրորդ բալիկին ծնվելու օրվա վերջին միացրեցինք արհեստական շնչառության ապարատին, որովհետև խորացել էին շնչառական երևույթները, այժմ վիճակը մի փոքր կայունացել է»,-ասաց Մելիքսեթյանը՝ հավելելով, որ երեխաների վիճակը մնում է ծանր, բայց կայուն:

Լուսինե Պետրոսյանի ծնունդն ընդունող բժիշկ Աղասի Շարբաթյանն էլ հավելեց, որ մայրիկի մոտ ամեն ինչ կարգին է, մնում է երեխաները շուտ վերականգնվեն:

«Լուսինեն մեզ մոտ եկել է, հղիության 30-31 շաբաթում, պտղաջրերի վաղաժամ արտահոսքով, ծննդաբերության առաջին շրջանում: Կեսարյան վիրահատությունը նորմալ է անցել»,-ասաց նա:

Բազմազավակ մայրիկին և նրա բալիկներին տեսակցության էր եկել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:

«Երբ իմացա լուրը, ուրախությանս չափ ու սահման չկար: Ցանկացած հայի համար դա մեծ ուրախություն է: Նրանք մեր վաղվա ապագան են: Շատ լավ, պարկեշտ ընտանիք է, վստահ եմ, լավ դաստիարակություն կստանան»,-նշեց մարզպետը՝ հավելելով, որ համայնքում եռյակին յուրահատուկ ձևով են դիմավորելու:

Please enter a valid URL