Search
Close this search box.

Ուշագրավ տեղեկություն․ Ինչն է հետաձգել հայ-ադրբեջանական մոսկովյան հանդիպումը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում տեղի կունենա այս ամսվա ընթացքում: Այս տեղեկությունը ուշագրավ է նախ և առաջ նրանով, որ օրերս ազդարարվել էր մայիսի 16-17-ին այդպիսի հանդիպման մասին: Այդ մասին ասել էր նաև Հայաստանի արտգործնախարար Արրարատ Միրզոյանը, Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների հավաքի շրջանակում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը: Ավելին, Միրզոյանը նշել էր նաև սահմանազատման և սահմանագծման հարցերի շրջանակում երկկողմ առաջին հանդիպման հնարավորության մասին:

Փաստորեն, մայիսի 16-17-ի մոսկովյան հանդիպումը կամ հանդիպումները առնվազն հետաձգվում են: Պետք է նկատել, որ գործընթացը այդ իմաստով հետաձգվում է հերթական անգամ, այդ կերպ վկայելով, որ քննարկվող օրակարգային հարցերում կա դիրքորոշումների շոշափելի իրարամերժություն: Ընդ որում, խոսքը թերևս միայն կողմերի դիրքորոշումների մասին չէ, այլ նաև միջնորդական դերակատարությամբ շահագրգռված խաղացողների: Ավելին, չի բացառվում, որ բուն ձգձգումների պատճառը հենց այդտեղ է, ընդ որում ոչ միայն միջնորդների միջև, այլ նաև որևէ միջնորդ խաղացողի և Ադրբեջանի, կամ որևէ միջնորդ խաղացողի և Հայաստանի միջև: Ընդ որում ուշադրության է արժանի այն, որ հետաձգվում է թե հաղորդուղիների ապաշրջափակման ձևաչափի հանդիպումը, թե սահմանազատման և սահմանագծման հարցերի: Ի՞նչն է այստեղ խնդիրը, հնարավոր է միայն ենթադրել, թեև խնդիրների շրջանակը գուցե շատ ավելի լայն է, քան կարող է դիտարկվել առաջին հայացքից:

Հնարավոր է, որ ներկայումս որևէ մեկը չունի որևէ համաձայնության շահագրգռություն, քանի որ բավականին դինամիկ են զարգանում իրադարձությունները ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև մեր ռեգիոնի համար ոչ պակաս նշանակալի՝ Իրանի շուրջ, բառի թե ուղիղ, թե անուղղակի իմաստով: Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թեհրանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կարող է արդեն ունենալ առաջին ռումբի համար անհրաժեշտ միջուկը: Այդ ընթացքում, Իսրայելի հերթական նախարարն է ժամանում Բաքու Ալիևի հետ հանդիպման: Միաժամանակ բավականին անհանգիստ է թե Իրանի ներսում, որտեղ հերթական սոցիալական ցույցերն են, և թե Իրանի համար «էթնիկ հարազատությամբ» Տաջիկստանում՝ կենտրոնասիական ռեգիոնում, որտեղ դարձյալ սոցիալական հողի վրա հանրահավաքները սպառնում են վերաճել բախումների: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Կատարի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում քննարկում է Ուկրաինային, Իրանին ու Աֆղանստանին վերաբերող հարցեր: Իսկ այդ ամենին զուգահեռ Պուտինը ՀԱՊԿ մայիսի 16-ի Վեհաժողովում բարձրաձայնում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու հարցը:

Please enter a valid URL