Search
Close this search box.

Դատախազության պարզաբանումը Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդության մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակմանը, թե դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ:

Դատախազության տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է.

«Առանձին լրատվամիջոցներ «Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ» վերտառությամբ տեղեկատվություն են հրապարակել, որը որոշակի թյուրընկալումների տեղիք է տալիս:

Գլխավոր դատախազությունը հարկ է համարում պարզաբանել, որ խնդրո առարկա ներկայացված միջնորդությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է մասնակի:

Մասնավորապես, միջնորդության մեջ նշված հանգամանքների ստուգման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու ցուցում տալու մասով այն բավարարվել է, իսկ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով՝ մերժվել այն հիմնավորմամբ, որ միջնորդության մեջ նշված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին փաստական տվյալները, լինելով միջնորդության հեղինակների վերլուծություններն ու հետևությունները, հիմնված են այնպիսի հանգամանքների վրա, որոնք դեռևս ենթակա են քրեական գործով ստուգման։

Եվ հենց քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարումն ապահովելու ուղղությամբ էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում արդեն իսկ ձեռնարկվել են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ»:

Please enter a valid URL