Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես անձամբ խիստ եմ տրամադրված. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հնարավորության մասին

Ըստ օրենքի՝ նստաշրջանի ավարտից հետո միայն կարող եմ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը դնել խորհրդի նիստի քննարկմանը եւ գործընթաց սկսել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարան աշխատանքի չգնացող ընդդիմադիր պատգամավորներին։

«Արդեն մամուլում տեղեկություններ տեսա պատգամավորների անունների վերաբերյալ, այո, այդ տեղեկությունները ճիշտ են։ Նշված պատգամավորները անցել են այն գիծը, որ թույլատրելի է բացակայության համար: Հիմա այլ հարց է՝ մենք կքննարկե՞նք, թե արդյոք դրանք կարելի է հարգելի համարել, թե ոչ: Դրանից հետո նոր որոշում կկայացվի։ Վստահ եմ, որ կգնանք օրենքի ճանապարհով»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Նույն Արթուր Վանեցյանը, նույն Իշխան Սաղաթելյանը եւ էլի պատգամավորներ անթույլատրելի չափով բացակայել են: Բայց իրենց մեջ կան շատ պատգմավորներ, որ այդքան չեն բացակայել: Դրանով չի որոշվում՝ ով է ավելի ընդդիմադիր, ով է ավելի զբաղված»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ 2018թ-ին իր գործընկերները նույնպես բացակայել են ԱԺ նիստերից, Ալեն Սիմոնյանը ասաց․ «Սահման գոյություն ունի, այդ սահմանը 95-96 բացակայությունն է: Եթե սահմանը անցնում են, պետք է որոշում կայացվի՝ արդյոք դա եղել է թույլատերլի, թե ոչ: Օրինակ, օրենքն ասում է, որ խմբակցությունը կարող է մեկ անգամ բոյկոտ հայտարարել, բայց կներեք, ԱԺ-ի դահլիճը «պրախոդնոյ դվոր» չի, որ երբ ուզես՝ մտնես ներս, երբ ուզես՝ դուրս գաս, ընդհանրապես նիստերի չգաս ու ասես՝ դա է իմ քաղաքական գործունեությունը»:

Հարցին, թե իր դիրքորոշումն այս հարցում ինչպիսի՞ն է, պե՞տք է նրանց զրկել մանդատից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անձամբ ես խիստ եմ տրամադված, բայց չեմ ուզում հիմա կանխորոշում անել: Ես համարում եմ, որ իմ գործընկերների հետ պետք է այդ ճանապարհով գնանք, պետք է ոչ մի պարագայում օրենքի խախտում տեղի չունենա»։

Անդրադառնալով ընդդիմության՝ հաշված օրերի ընթացքում սպասվող իշխանափոխության մասին հայտարարություններին , Սիմոնյանը ասաց․ «Արդեն 15 օր է Իշխան Սաղաթելյանը ասում է՝ մնացել է 15 օր, հետո ասում է՝ 2 ժամ, 2 օր, ներեցեք, բայց իրենք էլ իրենց արածին արդեն լուրջ չեն վերաբերվում։ Ակնհայտ է, որ Հայաստանի ժողովրդին իրենք առաջարկ չունեն, ժողովուրդը իրենց սատար չի կանգնելու։ Իրենց նպատակն է այն է, որ մենք հիմա սխալ քայլ անենք, «Մարտի 1» անենք, իրենց երազանքն է, որ ձերբակալեն իրենց, որպեսզի դուրս գան այս տուպիկից։ Ինչքան կարելի է մեր արածը կրկնել։ Մենք ընդդիմադիր գործիչ ենք եղել ու մեզ, երբ տանում են ընդդիմադիր դաշտ, պարտվելու են։ Նիկոլ Փաշինյանին հենց բրդես ընդդիմադիր դաշտ, դու չես կարողանալու իր հետ մրցես»։

Please enter a valid URL