Երեւանում հայտնվել են հեռախոսային նոր տեսակի խարդախներ, որոնք կենտրոնացել են Apple-ի վրա։
Խարդախները տիրապետում են հոգեբանության նուրբ արվեստին, իսկ խարդախությունը հաճախ կառուցում են զոհի վստահության եւ ազնվության վրա։
Խարդախներից տուժածներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է միամտության պատճառով խարդախների զոհ դարձել։
Խարդախները դիմել են հեռախոս վաճառելու հայտարարության համաձայն։ «Ես իսկապես պատրաստվում էի վաճառել հեռախոսս, քանի որ այն ինձ այլեւս պետք չէր։ Գրեցին, թե ցանկանում են գնել, բայց սկզբում խնդրում են ինչ-որ բան ստուգել։ Բացատրեցին, որ իրենք արդեն այդ մոդելի հեռախոս ունեն, բայց iCloud-ի բեռնման խնդիրներ են առաջացել եւ գնելուց առաջ ցանկանում են վստահ լինել, որ իմ հեռախոսի դեպքում էլ նման խնդիրներ չեն ծագի։ Ներքին ձայնս ինձ ասում էր չանել դա, բայց ես չլսեցի եւ բեռնեցի։ Փաստորեն իմ ձեռքով խարդախներին «տվեցի» հեռախոսս, նրանք ակնթարթորեն փոխեցին գաղտնաբառը, իսկ մի փոքր ավելի ուշ պահանջեցին 30 հազար դրամ՝ արգելքը հանելու համար։
Ինչպես պարզվեց հետագայում, «համարը», որից զանգահարել էին խարդախները, փակ էր։ «Հատուկ համակարգչային ծրագիր, որը տալիս է թվերի եւ տառերի համադրում իբր բաժանորդի հեռախոսահամարի համար»,- ասաց զրուցակիցս՝ ավելացնելով, որ չի պատրաստվում «կուլ տալ» սա եւ արդեն ոստիկանություն է դիմել։