Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը երեկ հարցազրույց է տվել ու ցնդաբանել, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցվելիք Հիսուս Քրիստոսի արձանի ընտրության գործընթացը օբյեկտիվ չի եղել, իսկ ընտրված արձանն էլ ռաբիս է:
Հենց նման դեպքերի համար է ժողովուրդը ստեղծել հանճարեղ «Աղվեսի քիթը խաղողին չի հասնում՝ ասում է խակ է» ասացվածքը:
Հասկանում ենք, իհարկե, որ քանդակագործը կերազեր, որ հենց իր քանդակը ընտրվեր պատմական այս նախաձեռնության իրականացման համար, բայց ախր մասնագիտական ամբիցիան էլ պետք է չափ ու սահման ունենա:
Նախ Լևոն Թոքմաջյանն առնվազն իրեն անազնիվ է պահում առաջին հերթին հենց իր շուրջ 300 քանդակագործ գործընկերների նկատմամբ, որոնք շուրջ 5 ամիս ներկայացրել, լրամշակել ու հղկել են իրենց քանդակների առաջարկները և եթե որևէ մեկը ընտրության գործընթացում խնդիր նկատեր, վստահաբար կբարձրաձայներ այդ մասին:
Դրանից զատ շուրջ 2 ամիս Լևոն Թոքմաջյանը խորհրդատվական իրավունքով ընդգրկված է եղել Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի կազմում և բազմաթիվ անգամ հրապարակային հարցազրույցներում նշել է, որ այս մրցույթը շատ կարևոր է մեր Հայաստան աշխարհի համար և պետք է լավ բան ընտրել:
Ցավում եմ, որ քանդակագործի ընկալմամբ լավ բանը միայն իր ներկայացրած աշխատանքն է եղել և որ իր գործընկեր քանդակագործների ներկայացրած կամ հաղթած առաջարկին կարող է ռաբիս որակումը տալ:
Օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ հնարավորություն են ունեցել այցելելու և տեսնելու ավարտական փուլ անցած բոլոր աշխատանքները և SMS քվեարկության միջոցով ընտրել լավագույնը, որն էլ Արմեն Սամվելյանի առաջարկած տարբերակն է եղել:
Ստիպված եմ հիասթափեցնել Լևոն Թոքմաջյանին, բայց իր ներկայացրած քանդակը այցելուների մեծամասնության կողմից «Տարզան» որակումն է ստացել, որն անգամ նվազագույն աղերս չունի Քրիստոսի պատկերի հետ:
Այնպես որ, պարոն Թոքմաջյան, լավ կլինի լռե՛ք և խոստովանեք, որ միգուցե ձեր լավագույն ժամանակներն այլևս անցյալում են և դուք հիմա լավագույն դեպքում կարող եք Տարզանի արձան քանդակել:
Լիաննա Մանուկյան