Որոշակի նմանություն կա Լեռնային Ղարաբաղում եւ օրինակ Ղրիմում տիրող իրավիճակների միջեւ: Ղրիմի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի համար շատ կարեւոր էր Ղրիմի բնակչության դիրքորոշումը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն եւ Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպեխինը:
«Ղրիմի բնակչության 80 տոկոսը ռուսներ էին: Նրանք ցանկանում էին միանալ Ռուսաստանին: Ռուսաստանը գնաց դրան: Տվյալ իրավիճակում ռուսական կողմն ուշադրություն է դարձնում Արցախում ապրող մարդկանց տրամադրվածությանը: Արցախում, իհարկե, հանրաքվե պետք է անցկացվի, որպեսզի այդ կարծիքն արձանագրվի»,- ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի մի քանի տարբերակներ կան. առաջինը՝ Ադրբեջանի կամզում, երկրորդը՝ որպես անկախ պետություն, երրորդը՝ Հայաստանի կազմում եւ չորրորդը՝ Ռուսաստանի:
Այս առումով փորձագետը նշել է, որ առաջին կետով արցախցիները նույնիսկ չեն արտահայտվի, այլ կդիտարկեն մյուս երեքը: Ի դեպ, գնալով քչանում է արցախցիների թիվը, որոնք կողմ են Արցախի՝ Հայաստանի կամզում կարգավիճակին, քանի որ Հայաստանի ղեկավարությունը վանում է Արցախը:
«Այն իրավիճակում, երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են ակտիվացնել բանակցություններն Արցախի հարցով եւ Եվրոպային խնդրում են արագ որոշել կարգավիճակը, իրականում խոսքը միայն առաջին տարբերակի մասին է, այսինքն՝ արձանագրել ներկա իրավիճակը՝ Արցախը Ադրբեջանի կազմում եւ փակել խնդիրը: Այսինքն, Հայաստանի ղեկավարությունն իրականում չի պաշտպանում Արցախի շահերը»,- ընդգծել է Լեպեխինը:
Վերջինս ընդգծել է, որ Հայաստանը պետք է հետեւի Ռուսաստանի դիրքորոշմանն այդ առումով, որպեսզի այդ հարցի լուծումը հետաձգվի, քանի որ Հայաստանին ամրապնդվել է պետք: Հայաստանին ժամանակ է պետք ապագային առավել վստահ նայելու համար:
Լեպեխինն ընդգծել է, որ Ադրբեջանն, իհարկե, ցանկանում է ձերբազատվել ռուսական ռազմական ներկայությունից Արցախում, քանի որ դա միակ խոչընդոտն է Ադրբեջանի համար, որպեսզի ամբողջությամբ վերագծի Հարավային Կովկասի քարտեզն իր օգտին: