Իմ կարծիքով՝ Ադրբեջանն իրականում չի պատրաստվում դադարեցնել էքսպանսիան, հետեւաբար, նրան փաստաթուղթ պետք չէ, առավել եւս Եվրոպայի միջնորդությամբ, որը կարձանագրեր սահմանների ներկայիս իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն եւ Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպեխինը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ձգձգումը:
«Առաջին հերթին, ճիշտ չեմ համարում, երբ Հայաստանի ղեկավարությունն է ակտիվացնում այդ գործընթացը: Սակայն ես հասկանում եմ, թե ինչու է այդպես արվում. դրանով իսկ Հայաստանի կառավարությունն իր անվստահությունն է հայտնում այն հարցում, որ Ադրբեջանը չի շարունակելու էքսպանսիան: Հայաստանը պատասխանելու ոչինչ չունի, այդ իսկ պատճառով փորձում է Եվրոպայի, ամենատարբեր եվրոպական կազմակերպությունների օգնությամբ ինչ-որ կերպ ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի 44-օրյա պատերազմի արդյունքներն այնուամենայնիվ արձանագրվեն ինչ-որ փաստաթղթում, ոչ միայն Ռուսաստանի հետ եռակողմ համաձայնագրով»,- ասել է ռուս փորձագետը:
Նրա խոսքով՝ միամտություն է ենթադրել, որ նման համաձայնագիրը՝ Եվրոպայի միջնորդությամբ, իսկապես կկարգավորի իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:
«Սակայն եւս մեկ անգամ ասում եմ. դա ընդգծում է Հայաստանի ղեկավարության անվստահությունը: Այսինքն՝ նրանք անում են ամեն հնարավորը, որպեսզի ինչ-որ կերպ արձանագրեն ներկայիս իրավիճակը», — ընդգծել է փորձագետը:
Նա նշել է, որ հասկանում է, թե ինչու է Ադրբեջանն արհամարհում եւ ձգձգում այդ գործընթացը:
«Ինձ թվում է, որ Ադրբեջանն իրականում չի պատրաստվում վերջ դնել էսքպանսիային, հետեւաբար նրան փաստաթուղթ պետք չէ: Ադրբեջանը հետաքրքրված չէ նրանում, որ այդ գործընթացն սկսվի, քանի որ, ամենայն հավանականությամբ, հետագա էքսպանսիայի հույս ունի, այսինքն՝ նկրտումներ ունի հավանաբար Սյունիքի հարավային հատվածի նկատմամբ, որպեսզի որոշ ժամանակ անց դուրս գա Նախիջեւանի սահման»,- մեկնաբանել է մասնագետը:
«Հասկանալի է, որ Ադրբեջանը չի հայտարարելու դրա մասին, սակայն ինձ թվում է, որ նրանք մտադիր են շարունակել այն քաղաքականությունը, որը նրանք այսօր վարում են՝ սադրանքներ հրահրելով սահմանին»,- եզրակացրել է փորձագետը:
«Եվրոպան ոչինչ երախավորել չի կարող, ոչ մի եվրոպական կազմակերպություն: Ընդհակառակը, Ղարաբաղյան առաջին պատերազմից սկսած մինչեւ 44-օրյա պատերազմ, Եվրոպան Հայաստանին քթից բռնած ման է տվել: Սակայն Ադրբեջանին՝ նույնպես, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իմ տեսակետը միշտ հետեւյալն է եղել, որ եթե Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում երաշխավորը Ռուսաստանն է եղել, այդ ուղղությամբ էլ պետք էր աշխատել: Ես որեւէ պատճառ չգիտեմ, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունն արհամարում այդ հնարավորությունը: Գուցե պատճառը միայն Հայաստանի դիրքորոշումը չէ, այլեւ ռուսաստանյան ղեկավարության անորոշ դիրքորոշումը»,- ասել է Լեպեխինը:
Նա նաեւ զարմանք է հայտնել Հայաստանի ղեկավարության գործողությունների առնչությամբ:
«Ո՞վ է, ըստ էության, կանգնեցրել Ադրբեջանի առաջխաղացումը դեպի հայկական տարածքներ: Եվրամիությո՞ւնն է կանգնեցրել: Երբ պատերազմը սկսվել էր, Փաշինյանը, չգիտես ինչու, Ավստրիա մեկնեց եւ էլի ինչ-որ տեղ՝ պաշտպանություն փնտրելու: ՆԱՏՕ-ն ինչ-որ բա՞ն արել է: ՆԱՏՕ-ն՝ ի դեմ Թուրքիայի, հենց էքսպանսիա է իրականացրել Ադրբեջանի միոջոցով: Ի՞նչ պաշտպանություն կարելի էր փնտրել Եվրոպայում: Ընդհանրապես զարմանալի է»,- հիշեցրել է ռուս փորձագետը:
Նրա խոսքով՝ ոչ մի խաղաղ կարգավորում Եվրոպան երաշխավորել չի կարող, ինչպես նաեւ չի կարող վերահսկել Թուրքիային, քանի որ Թուրքիան ավելի շատ կենտրոնացած է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության վրա, որն արդեն Եվրամիության անդամ չէ:
«Խաղաղ պայմանագիրը եւ իրավիաճկի կարգավորումն ապահովել է Ռուսաստանը, եվ այդ ուղղությամբ է պետք աշխատել, գումարած ՀԱՊԿ-ը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ինչ-որ կերպ այդպես է ենթադրվում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
«Ավելին, եթե մենք խոսում ենք Արցախի կարգավիճակի մասին, ապա ինչպե՞ս կարելի է այդ հարցը լուծել հօգուտ հայերի՝ առանց ՌԴ-ի մասնակցության: Ինչպե՞ս Եվրոպան կարող է երաշխավորել Արցախի ինչ-որ կարգավիճակ: Ինչպե՞ս կարող է Եվրոպան պաշտպանել Արցախը»,- եզրափակել է Լեպեխինը: