ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել:
«Ապատեղեկատվություն է: Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը»,– ասված է մեր հարցման պատասխանում:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։