Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում կրակոցների ու սպանության փորձերի փաստով ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալներից մեկին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, ապա հայտնաբերել այսօր Երևանում կրակոցներ արձակած կասկածյալին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների հսկայածավալ աշխատանքի արդյունքում Շենգավիթ վարչական տարածքում հայտնաբերվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Բեգլար Հ-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, նա ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկւթյուններով՝ ոստիկանների և քննիչների՝ դեպքի վայրի լրացուցիչ զննության ժամանակ կասկածյալ Բեգլար Հ-ն մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք հանդիսացող ԱԿՍ տեսակի ինքնաձիգը։

Քննիչն այն առգրավել է և նշանակել է դատաձգաբանական, դատագենետիկական և դատաքիմիական փորձաքննություններ, քանի որ ավտոմատի հետ հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների և քննիչների հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքի հետ կապված՝ պարզվել են նաև որոշ հանգամանքներ, որոնց մասին, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։ Սակայն մինչև դանակահարություններն ու կրակոցները, հակառակ կողմերի միջև գումարային հարցի շուրջ տեղի է ունեցել զրույց, որ վերածվել է վիճաբանության, ապա ավարտվել դանակահարություններով ու կրակոցներով։

Այս պահին, որպես կասկածյալներ, 3 հոգի որոնվում են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել էր, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանն ու նույն վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել էր 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։ Հայտնաբերվել էր 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։ Ահազանգով ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Ազատ Դանիելյանի և ավագ քննիչ Նիկոլայ Պավլովի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր և կռփազենք։

Պարզվել էր, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց էին տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց էր տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում էին, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Ինչպես տեղեկացել էինք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL