Search
Close this search box.

Նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան. Միրզոյան

Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Հայաստան կայցելի ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում. այժմ ընթանում է մանրամասների և ժամկետների հստակեցումը: Այս մասին Դուշանբեում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփվել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների ստեղծման հարցով։ Եվ, կարծես, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը հաղորդակցությունների հարցերով հանդիպում է նախատեսվում Մոսկվայում: Նաև պայմանավորվածություն կա, որ նույն օրը Մոսկվայում կազմակերպվի սահմանազատման և սահմանային անվտանգության երկկողմ հանդիպում»,- ասել է Միրզոյանը։

Լավրովն իր հերթին անդրադարձել է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին՝ նշելով. «Մեր շփումների ինտենսիվությունը հաստատում է ռուս-հայկական հարաբերությունների մակարդակը, ինչը հատկապես կարևոր է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Անշուշտ, նշանակալի իրադարձություն էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում հագեցած բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի ղեկավարության հետ»:

Please enter a valid URL