Search
Close this search box.

Ողբերգական վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հոր փաստաբանի գրառումը

ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից ս/թ ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու եմ տուժողի իրավահաջորդ հանդիսացող նրա հոր՝ Մնացական Մնացականյանի օրինական շահերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վարորդը դարձյալ ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Տուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի, անօգնական վիճակում թողնելու հանգամանքների բացահայտմանը, այդպիսով նաև նրա մահվան համար մեղավոր բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությանը հասնելու ուղղությամբ»։

Please enter a valid URL