ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- գրել է նա:
Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել պետդեպը՝ նշելով, որ կողմերը քննարկել են նաև «առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ ռազմագերիների ազատ արձակմանը»:
«Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին գտնել տևական համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ: