Search
Close this search box.

Բանակցությունները խափանման եզրի՞ն են. Բաքուն նոր «փաստարկներ» է hանում

Արդեն մի քանի օր է, ինչ Բաքվի լրատվամիջոցները, հղում անելով պաշտոնական աղբյուրներին ու փորձագետներին, գրում են այն մասին, որ Հայաստանը մերժել է Ադրբեջանի ծրագիրը, և բանակցությունները խաթարվել են։ Բաքվի փորձագետները նշում են նաև, որ հայ-թուրքական վերջին հանդիպման ժամանակ ոչ մի բանի շուրջ համաձայնության չեն եկել։

Մինչ այդ Բաքուն ասում էր, որ Հայաստանը համաձայն է իրենց բոլոր պայմաններին։ Բրյուսելում Ալիևի վարչակազմի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ Բաքուն, ըստ էության, ընդունել է Հայաստանի առաջարկած պատասխան 6 կետը, և բանակցությունները տեղի կունենան 5 + 6 բանաձեւով։ Բաքուն մի քանի օր անց հերքել է Գրիգորյանի խոսքերը․ հայտարարվել է, որ Գրիգորյանը արտահոսք է թույլ տվել, Բաքուն չի ընդունել Հայաստանի առաջարկը։ Մոսկվան իր հերթին հայտարարել է, որ բանակցություններն ընթանալու են բացառապես Բաքվի առաջարկների հիման վրա, «որը Երևանն ընդունելի է համարել»։

Հայկական կողմը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները, եթե հաշվի առնվեն 6 հայկական առաջարկները՝ կապված Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հետ, որոնք, ինչպես խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը, առնչվում են Արցախի կարգավիճակին։

Դատելով Բաքվի ԱԳ նախարարի և նրա տեղակալի հայտարարություններից՝ Հայաստանի ներկայացրած կետերն անընդունելի են Բաքվի համար։ «Եթե դուք նայեք այդ փաստաթղթին, ապա այն ընդհանրապես առաջարկներ չեք կարող անվանել։ Ներկայացման պահին այս փաստաթուղթը հայկական կողմի արձագանքի տեսքով էր Ադրբեջանի առաջարկներին», ասել է նախարար Բայրմովը։

Նշվել է նաեւ, որ թեև Բրյուսելում համաձայնություն կար սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին, իսկ Մոսկվայում պայմանավորվածություն կար, որ այդ հանձնաժողովը կստեղծվի մինչև ապրիլի վերջ, հայկական կողմը դեռ վերջնական պատասխան չի տվել։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել է, որ ադրբեջանական կողմը, որին ապրիլի 6-ին փոխանցվել են հայկական առաջարկները, համաձայնել է շարունակել քննարկումներն այդ հիմքով։

Մոսկվա կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ համաձայն է Բաքվի առաջարկած կետերի հետ, ավելին, նա մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց, որոնք հավանության արժանացան Բաքվում և Մոսկվայում, որոնք ամեն ինչ անում են, որ Հայաստանը դուրս չգա համաձայնեցված ուղուց։ Բաքուն որպես փաստարկ առաջ է քաշում անկլավների հարցը։ «Այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը կքննարկվի, և որոշում կգտնվի»,- ասել է փոխարտգործնախարար Խալաֆովը։ Հայկական կողմն ասում է, որ անկլավները Ադրբեջանին պատկանելը հաստատող փաստաթղթեր չկան։
lragir.am

Please enter a valid URL