Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է հակակառավարական ցույցերը Հայաստանում։ Sputnik Ադրբեջանի տեղեկություններով՝ Բայրամովը մեղադրել է հայկական ընդդիմությանը, որ նրանք երկիրը անդունդ են տանում։
«Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչները բավական հայտնի են հայ հասարակության մեջ։ Նրանք գրեթե 30 տարի կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին և այսօր Հայաստանը տանում են դեպի անդունդ։ Սա իշխանության համար պայքարի անքակտելի մասն է, նրանք նորից ուզում են Ղարաբաղի թեման բարձրացնել»,- հայտարարել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ Բաքվում հետևում են այդ գործընթացներին, և Հայաստանում հասարակական լայն աջակցության մասին խոսք չկա։ Բայրամովը նույնիսկ թվեր է ներկայացրել՝ հայտարարելով, որ այդ հանրահավաքներին 5-6 հազար քաղաքացի է մասնակցում։ Թե ինչ հիմքով են կատարվել այդ հաշվարկները, ադրբեջանցի պաշտոնյան չի հստակեցրել։
Ադրբեջանցի նախարարի տեսանկյունից, զանգվածային աջակցության բացակայությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է կեղծ խոստումներից և պատրանքներից:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։