Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ահա հերթական փաստը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել ՀՀ քաղաքացուն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուղիղ 4 տարի առաջ՝ այս օրերին՝ 2018-ի մայիսի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանն առաջին անգամ էր որպես վարչապետի թեկնածուի հարցեր ուղղում: Այն ժամանակ նա համոզմունք էր հայտնում, որ «չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում»:

«Նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները, և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ. դա ուղղակի խփում է ՀՀ պետության հեղինակությանը։ էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք, քննադատելով ինչ-որ երևույթներ, հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները, կնշանակի՝ փոփոխությունները չունեն որևէ իմաստ»,- Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնում էր նա։ Մինչև վարչապետ դառնալը նույնպես ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը 2018-ի փետրվարին, խոսելով «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումի ու Սահմանադրության մասին», քննադատում էր ՀՀ-ում ձևավորվող «սուպեվարչապետական» համակարգը:

Քաղաքական վերադասավորումներից հետո, սակայն, Փաշինյանը ոչ միայն կիրառեց ու դեռ կիրառում է այդ լծակները իր իշխանությունը պահպանելու համար, դեռ մի բան էլ մեծացրել է դրանց շրջանակը: Օրինակ՝ իրավապահ (ուժային) մարմիններից ամենաազդեցիկները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, որոնք նախկինում գոնե ձևական առումով կառավարությանն առընթեր մարմիններ էին, դրվեցին վարչապետի ուղիղ ենթակայության ներքո:

Փաշինյանը ոչ միայն ակտիվորեն օգտագործում է իր «սուպերվարչապետական» լիազորությունները, այլ նաև երբեմն-երբեմն իրեն վերապահում արարողակարգային դեր ունեցող նախագահի լիազորությունները։ Դրա ամենավառ օրինակը 2018-ի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի բակում ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնանկ անելու հրամանները հրապարակավ ստորագրելն էր, մինչդեռ նախարարներ նշանակելու ու նրանց ազատելու մասին որոշումները նախագահն է ստորագրում: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր նշանակելու մասին Փաշինյանի՝ 2018-ի նոյեմբերի 1-ին արած հայտարարությունը նույնպես նախագահի լիազորությունների մեջ մտնել էր. ըստ Սահմանադրության 93-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը:

Ահա հերթական փաստը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել ՀՀ քաղաքացուն»:

Please enter a valid URL