Երևանի Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ տարածքում շտապօգնության ավտոմեքենայի բացակայությունն է դարձել։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Այստեղ բազմաթիվ ոստիկաններ եւ ուժայիններ կան, բայց իշխանությունները շտապօգնության մեքենայով չեն ապահովում։ Պահանջում ենք, որ այստեղ մշտական հիմունքներով շտապօգնության մեքենա տեղակայվի եւ ապահովվի քաղաքացիների առողջական խնդիրների լուծումը։ Քաղաքացին դուրս է եկել պայքարի, եւ վերջին ժամերն անցկացրել է այս հրապարակում։ Մենք շարունակելու ենք այս պայքարը, այդ թվում՝ այս քաղաքացու հիշատակին։ Մենք գիտենք, թե ինչու ենք դուրս եկել պայքարի, ինչ նպատակով։ Ժողովրդի կամքն անշրջելի է»,- ասաց նա։
Սաղաթելյանը հայտնեց, որ այս պահին արգելափակված է Իջեւան-Երեւան միջպետական ճանապարհը։ «Քաղաքացիներն, ի պատասխան մեր կոչերի, փակել են Երեւան-Արտաշատ, Սեւան-Երեւան, Մարտունի-Գավառ, ավտոճանապարհները։ Որքան էլ ոստիկանությունը փորձում է պնդել, որ փողոցները բաց են, ու իբր ամեն ինչ նորմալ է, բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում մեր քաղաքում։ Ժողովուրդը համախմբվել է, հասարակական պահանջը ձեւավորվել է»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ի բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել էր։