ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել՝ «Դավաճաններ դո՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» կոչերով։
Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։ Երիտասարդները պահանջել են տեր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցությունները։
Երբ դեսպան Լիլիթ Մակունցը նստում էր մեքենան ակցիայի մասնակիցներից մեկը բղավեց. «Քանիսո՞վ եք ծախում Արցախն ու Հայաստանը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին տեղեկանալով Արարատ Միրզոյանի այցի մասին, երիտասարդները դեսպանատուն փշոտ, սև վարդեր ու Թուրքիայի դրոշ են տարել։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում։ Նա հանդիպումներ է ունեցել ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։