Search
Close this search box.

Հովիկ Աբրահամյանը` քավոր

2016 թ.–ի ապրիլի 30–ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորումից զոհվեց Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ Գարիկ Մովսիսյանը: Ապրիլյան քառօրյայում հերոսացած 20–ամյա երիտասարդը հետմահու պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Հերոսի ընտանիքը գտնվում էր սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում, բնակվում էր անմխիթար պայմաններում: Ժամանակին Գարիկի ընտանիքին այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ նոր տուն կկառուցի հերոսի ընտանիքի համար: Անմիջապես սկսվեց տան շինարարությունը, ֆինանսական խնդիրները Հովիկ Աբրահամյանը շարունակեց լուծել նաև իր հրաժարականից հետո. և հարմարավետ առանձնատունը արդեն ավարտին է հասցվել և շահագործվում է:

Հովիկ Աբրահամյանը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե հերոսի եղբայրն ամուսնանա, ինքը կդառնա հարսանիքի կնքահայրը։ Գյուղացիները ասում էին նաև, որ Հ. Աբրահամյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո ավելի հաճախ է այցելել Գարիկի ընտանիքին ու հետաքրքրվել նրանց որպիսությամբ:

Եվ ահա, «Փաստի» տեղեկություններով, նախկին վարչապետի սերտ կապը ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքի հետ նոր փուլ է մտնում. առաջիկա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22–ին, տեղի կունենա Գարիկի եղբոր հարսանեկան արարողությունը, որի կնքահայրը, խոստման համաձայն, կլինի Հովիկ Աբրահամյանը: Զորականցիները «Փաստի» թղթակցի հետ զրույցում նշեցին, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում այս տեղեկությունը մեծ ոգևորությամբ են ընդունել՝ և՛ հերոսի ընտանիքի համար առանձնատուն կառուցելը, և՛ հերոսի եղբոր ամուսնությունը, և՛, իհարկե, հարսանիքի քավորի խոստումների աներկբա կատարումը թե՛ վարչապետությունից առաջ, թե՛ դրանից հետո…

Please enter a valid URL