Search
Close this search box.

Մոսկվան շտապում է Հայաստանում․ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

Մարտի 18-ի հրապարակման մեջ անդրադարձել էինք Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի աննախադեպ հուսահատ քայլերին, որոնք արագացնում են Կովկասից աստիճանական ու անկորուստ հեռանալու ՌԴ վաղօրոք մշակված ծրագիրը: Նշել էինք, որ ՔՊ գործիչների անադեկվատությունը բացառում է քիչ թե շատ վերահսկելի վիճակը Մոսկվայի համար, որը «բնական տագնապ է ապրում հայերին ռուսական հոգեբանական թակարդում թուրքական վերահսկողությամբ պահելու խնդրի շուրջ: «Խաղաղ դարաշրջանի» գաղափարով վարկաբեկված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարողությունները այլեւս բավարար չեն ընկալվում: Իբրեւ Հայաստանի քաղաքական վակուումը արեւմտացումից պատսպարելու «տեղական» պատնեշ Մոսկվայում դիտարկվում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը»:

Հրապարակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են այս պնդումը․ Արցախում ռուսական զորախմբի ու Բաքվի զինվորականների համատեղ պատժիչ գործողությունը, ՄԽ համանախագահության չեղարկման եւ Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ ձեւաչափում գործընթացների արագացման եւ այդ ձեւաչափում հայկական շահի բացառման մասին Լավրովի անկեղծացումները տեղի էին ունենում հակաարեւմտյան կոշտ հռետորաբանության ուղեկցությամբ։ Դրանից ածանցյալ՝ Քպ-ական «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել կարգավիճակի նշաձողը» եւ ռուսանպաստ ընդդիմության՝ «Արեւմուտքը ցանկանում է Արցախը հանձնել Ադրբեջանին» կարգախոսների ներքո էլ Երեւանյան փողոցներում մեկնարկեց ներքաղաքական հերթական տրագիկոմեդիան։

Մոսկվայի ծրագրերը պարզ ու հստակ են, տեսանելի բոլորին։ Հայկական խորհրդարանը կազմող ուժերը կարող են խորհրդարանում կարեւոր որոշումներ կայացնել, որոնք կկանխեին ռուս-թուրքական տանդեմի թշնամական պլանները, «Արցախի հայաթափումն ու Հայաստանի թրքացումը»։ Դա կլիներ ինքնիշխան քաղաքական որոշում եւ ինքնիշխան քաղաքականություն։ Արձանագրենք, որ խորհրդարանական իշխող եւ չիշխող ուժերը խուսափում են դրանից, ինչը նշանակում է, որ դրանք սպասարկում են օտար շահեր։

Ուկրաինայում Ռուսաստանը պարզապես չի տապալվում, տեղի է ունենում 1990-ականներին սառեցված փլուզման գործընթացի հանգուցալուծումը։ Թե ինչ հետեւանքներ է դա ունենալու ռուսական Հայաստանի համար՝ դժվար չէ ենթադրել։
lragir.am

Please enter a valid URL