Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանից մարդիկ չեն կարողանում հասնել քաղաքի այլ կայարաններ, այս մասին 168.am-ին տեղեկացրել է խմբագրություն զանգահարած մի քաղաքացի։
Նա նշել է, որ գնացքը դատարկ վագոններով անցել է և կանգ չի առել կանգառում մարդկանց տեղափոխելու համար:
Քաղաքացին պնդել է, որ 5-6 րոպե անց, երբ պետք է մոտենար հաջորդ գնացքը, հակառակ ուղղությամբ ընթացել է րոպեներ առաջ անցած դատարկ գնացքը և կրկին կանգ չի առել:
Մարդիկ մոտ 20 րոպե սպասելուց հետո սկսել են բողոքել, երբ վերջապես նրանց սպասարկել է հաջորդիվ ուշացումով մոտեցած գնացքը:
Կայքի հետ զրույցում քաղաքացին նշել է, որ դա դիտավորություն էր, և իր կարծիքով՝ դա իշխանության կողմից մարդկանց տեղաշարժը դեպի Ֆրանսիայի հրապարակ խոչընդոտելու նպատակ ունի:
Ընդդիմության հանրահավաքին ընդառաջ ոստիկանական աննախադեպ ծավալի ուժեր են տեղակայված Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում: Քաղաքացիներից մեկը 168.am-ին տեսանյութ է տրամադրել, որից պարզ է դառնում, որ ոստիկանական գումարտակներ են կուտակված Բաղրամյան պողոտայում՝ մասնավորապես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մուտքի մոտ: