«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ապրիլի 7-ին մահացած 40-ամյա Վիկտորիա Նուրբեկյանի հարազատները կնոջ մահվան մեջ մեղադրում են հիվանդանոցի բժիշկներին:
SHAMSHYAN.com-թղթակցի հետ զրույցում Վիկտորիայի եղբայրը՝ Նորբեթը, ասաց. «Իմ ցավը շատ մեծ է։ 2009թ. 25 շաբաթական հղիության մեջ գտնվող քրոջս մոտ սկսվեց ներքին արյունահոսություն, կորցրեց մեծ քանակի արյուն, երեխան, ցավոք, մահացավ ու հեռացրեցին արգանդը: Երկար պայքարից հետո բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում և Աստծո կամքով քրոջս կյանքը փրկվեց: Այդ ժամանակվանից ասել էին, որ քույրս ունի աղիների բազմակի կեմատոմաներ ու կպումներ: Այս տարի որոշել էր երեխա ունենալ փոխնակ մոր օգնությամբ: Դիմեց «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Գինեկոլոգի ստուգումից հետո պարզվեց, որ ձվարանները չեն աշխատում. ունի ձվարանների կիստա:
Գինեկոլոգ Ռուսուդան Սերգեեվնան «ոսկե սարեր էր խոստանում»՝ ասելով, որ վիրահատությունից հետո 2-3 ամիս կանեն հորմոնային թերապիա, ու ամեն ինչ լավ կլինի: Այս տարվա հունվարի 14-ին քույրիկիս վիրահատեցին պլանային կարգով՝ ուներ ձվարանների կիստա։ Վիրահատությունը պետք է լիներ լապարոսկոպիկ, որի ժամանակ նրանք վնասել էին աղիները։ Աղիները վնասելու պատճառով կատարել են բաց վիրահատություն, որը տևել է 5 ժամ՝ 20 րոպեի փոխարեն։ Վիրահատությունից հետո 5-6 օր վիճակը նորմալ էր։ 10 օրից՝ հունվարի 30-ին, որոշեցին նորից վիրահատել՝ ասելով, որ աղիների անանցանելիություն կա, որն այս անգամ տևեց 8 ժամ։ Այս վիրահատության ընթացքում աղիներից թույլատրելիից շատ էին հեռացրել՝ ասելով, թե կպումներ ունի։ Մեզ նորից հուսադրեցին, որ ամեն ինչ լավ է անցել։ Այսպես 2 ամսվա ընթացքում կատարեցին 8 վիրահատություն: Բժիշկները այս 3 ամսվա ընթացքում քույրիկիս հետ փորձ էին կատարում ու արդյունքում 2022 թվականի ապրիլի 7-ին նա մահացավ։ Մահից 1 օր հետո բուժող բժիշկ Հովհաննիսյան Ռ. Ա-ի պաշտոնը առանց ամոթի բարձրացրեցին: Իրենց սխալի պատճառով այսօր իմ սիրելի քույրիկը չկա, իսկ նրա 15 տարեկան բալիկը մնաց մայրիկին կարոտ»:
Վերջում եղբայրը խնդրեց, որ պատկան մարմինները հետևողական լինեն այս գործի նկատմամբ, արդար քննություն լինի և նման բժիշկները ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: