Search
Close this search box.

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է հարգել արցախահայության կամքը՝ որոշելու իր ճակատագիրն իր հայրենիքում. Բեգլարյան

Ի պատասխան մի շարք հարցումների՝ հերթական անգամ վերահաստատեմ ու հիշեցնեմ.
Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ավելին, մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու:

Ի դեպ, այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում:

Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես կատարել է, օրինակ, Կոսովոյի պարագայում:

Մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն՝ արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա»,- գրել է նա։

Please enter a valid URL