Search
Close this search box.

Ադրբեջանը պղծել է Հադրութի եկեղեցին. հանվել է խաչը, ջնջվել հայկական արձանագրությունը (ֆոտո)

2020 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։ Հայտնում է war.karabakhrecords.infօ կայքը։

Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ի ցույց է դնում, որ եկեղեցուց հանվել է խաչը։

Այս ամենը Ադրբեջանի կողմից ծրագրված քաղաքականության արդյունք է, ինչի մասին են վկայում մասնավորապես այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։

Ամիսներ առաջ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քյարիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակը Արցախի բռնազվթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։

Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1621թ. [Մակար Բարխուդարյանց]։ Այն հետագայում վերանորոգվել է 1819 թվականին, հենց այդ ժամանակ էլ տեղադրվել է եկեղեցու գմբեթը [«Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները», Մկրտչյան Շ․, 1987, Երևան, էջ 3]։

Սուրբ Հարություն եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1999 թվականին Մ․ Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ։ Պատերազմից առաջ Սուրբ Հարությունը գործող եկեղեցի էր, պատերազմի ընթացքում չի տուժել։ Եկեղեցու պղծումը հետևողական կերպով իրականացվել է պատերազմի ավարտից հետո։

Պատերազմից հետո նույն կերպ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային վանդալիզմ զոհ են դառնում բոլոր հայկական մշակութային կոթողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները հանել են նաև Հադրութում գտնվող Սպիտակ խաչ եկեղեցու խաչը, Սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթը, պղծել Թալիշի եկեղեցին, գրեթե ավերել Շուշի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները։

Please enter a valid URL