ԼՈՒՐԵՐ.com -ը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Ալավերդի քաղաքում 2 տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Երեխայի մայրը ոստիկանությանը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
Որոշ ժամանակ հետո երեխայի մայրը հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:
Երեխային գետը նետած կնոջ վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի ԲՇՏ բնակշահագործման տեղամասից Մարիետա Մանուկյանի հետ:
Նա ասաց, որ հարևաններին այդ կնոջ վերաբերյալ ինչ-որ պատմություն է հայտնի.
«Հարևանները պատմում են, որ այդ կինը իր նախկին ամուսնու և 2 անչափահաս երեխաների հետ ժամանակին մեկնել էր ՌԴ, որտեղ կրակի ծխից խեղդվել են երեխաներն ու մահացել: Ամուսինները Հայաստան են վերադարձել առանց իրենց երեխաների»,- պատմեց նա:
Վերջինս նշեց, որ 2-ամյա երեխայի մայրը Դեբեդ թաղամասում չի ապրել, այնտեղ հարս է գնացել: Ամուսինն էլ՝ Արթուրը, տևական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Երևան, վերջինիս 2 քույրերը հոգեկան խնդիրներ ունեն, մեկը այս պահին գտնվում է հոգեբուժարանում, մյուսը՝ Օձունում:
«Այդ կինը Սարահարթում է ապրել: Որտեղ հարս է եկել, այդ տունը ապրելու ենթակա չէ, պատուհաններ չկան, հարևաններն են հավաքվել պոլիէթիլենային տոպրակներով ծածկել, տունը մարդաբնակ չէ, տեսնեք, երևի կասեք՝ հավաբուն է, դուռ չկա, անգամ, ծածկոց է կախված մեխից»,- ասաց Մանուկյանը:
ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց նաև Սարահարթ թաղամասի տեխնիկի՝ Գոհար Ուլուխանյանի հետ, նա ասաց.
«Այդ կինը վերջերս է ամուսնացել իրենից լավ երիտասարդ տղայի՝ Աշոտի հետ, որը չի աշխատում: Առիթ եղել է այդ կնոջ հետ մեկ անգամ շփվելու և ադեկվատ մարդու տպավորություն էր թողել ինձ վրա: Երեկ էլ ամուսնու հետ եկել էր Հայ փոստ՝ հավանաբար կոմունալ վճարումներ կատարելու»:
Մեզ հետ զրույցում Ալավերդու համայնքի ղեկավարը՝ Սասուն Խարումյանն էլ ասաց, որ չի հավատում՝ որևէ կին կարող է իր երեխային սպանել: