Բրիտանական հայտնի The Times պարբերականը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Red Box խորագրի ներքո այսօր ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը:
Խոսելով Հայոց ցեղասպանության դասերի մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մենք չենք կարող արժանահավատորեն դատապարտել 21-րդ դարի վայրագությունները, եթե հրաժարվենք ընդունել 20-րդ դարի հանցագործությունները, որոնք նպաստեցին աշխարհը ձևափոխելուն: Բրիտանական կառավարությունը հնարավորություն ունի շտկել ծանր սխալը և օրինակ ծառայել աշխարհին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի անցկացնելով հիշատակի արարողություն, ինչպես հայ ժողովուրդն է նշում ամեն ապրիլի 24-ին։
Փորձելով Բրիտանիան տանել դեպի պատմության ճիշտ կողմը՝ նախորդ ամիս պատգամավորների միջկուսակցական խումբը, ներառյալ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ սըր Իեն Դունկան Սմիթին և Լեյբորիստական պատգամավոր Ռուպա Հուքին, իր աջակցությունը հայտնեց անհատ անդամների կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծին, որը ձգտում էր «շտկել սարսափելի պատմական անարդարությունը»՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, օրինագիծը, ինչպես հաճախ է պատահում անհատ անդամների օրինագծերի դեպքում, առաջին ընթերցումից այն կողմ չգնաց:
Հայոց ցեղասպանությունը ոչ միայն բարոյական, այլեւ շատ պրագմատիկ խնդիր է։ Չնայած պատմության բեռին՝ Հայաստանը բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ փորձելով կարգավորել երկկողմ հարաբերությունները: Բայց քանի որ Հայաստանի շարունակական բանակցությունները Թուրքիայի հետ ընթանում են առանց Ցեղասպանության հետ կապված որևէ նախապայմանի, դրանք, ամենայն հավանականությամբ, «կսայթաքեն»: Երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման որևէ գործընթաց չի կարող գոյատևել, եթե չանդրադառնա այն վերքին, որը հետապնդում և տանջում է ողջ աշխարհի հայերին:
Ես աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ցանկանում եմ տեսնել կայուն հարաբերություններ երկու երկրների միջև: Սակայն նման հարաբերությունները կարող են կառուցվել միայն պատմական ճանաչման և հաշտեցման ամուր հիմքերի վրա։ Պատմությունից խուսափելու միջոցով ձեռք բերված ժամանակավոր շտկումները չեն հանգեցնի տեւական խաղաղության: Դրանք պարզապես կթաքցնեն խորացող դժգոհությունները, որոնք ապագայում կհորդեն անկառավարելի ուժով: Տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և բարգավաճման հաստատման համար Հայոց ցեղասպանության ճանաչումն անփոխարինելի ճանապարհ է:
20-րդ դարը մարդկության պատմության ամենամռայլ էջերի կոլաժ է՝ Հոլոքոստից և Կամբոջայի կոտորածից մինչև Ռուանդայի ցեղասպանություն: Ցեղասպանության սարսափները երբեք չպետք է դուրս մնան պատմությունից: Հիշողությունը մեր լավագույն պաշտպանությունն է 21-րդ դարում դրանց կրկնությունից:
Սա է պատճառներից մեկը, որ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդին պատճառված ցավը։ «Մենք հարգում ենք նրանց պատմությունը, — ասաց նա: — Մենք ընդունում ենք պատմությունը. Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ՝ որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ, այլևս երբեք չկրկնվի»:
Որպես քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդ՝ Հայաստանն ունի մշակութային և գեղարվեստական հարուստ ժառանգության՝ ամրապնդված ապագայի և մարդկային բարության հաղթանակի հանդեպ հավատով:
Մեր ժողովուրդը տոկուն է, նորարար, աշխատասեր և ստեղծագործ: Մեր ցանկությունն է մեր երկիրը վերածել համաշխարհային ազգի ծաղկող տան, ազգ, որը ձգտում է ներդրում ունենալ իր բոլոր հարևանների և աշխարհի ընդհանուր բարօրության մեջ:
Բայց արդար և ծաղկող ապագան մեզանից պահանջում է ճանաչել մեր ընդհանուր անցյալը: Բրիտանիան կարող է իր ներդրումն ունենալ ապաքինման այդ գործընթացում»: