Search
Close this search box.

Քաղաքացիական անհնազանդության ցույցեր, երթեր․ Վանեցյանը փակագծեր է բացել այսօրվա գործողությունների մասին

Իրազեկման առաջին փուլը, կարծում եմ, հասցրել ենք ավարտին և ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք։ Այդպես եմ կարծում, քանի որ ապրիլի 17-ից գալիս էին մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, նախասիրություններից։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Գալիս են մարդիկ, որոնք հասկանում են, որ ժամանակն է եկել հստակ պահանջով վերջ դնելու այս իշխանությունների գոյությանը։ Անժամկետ ակցիաները շարունակելու ենք, գիշերելու ենք Ազատության հրապարակում, բայց երկրորդ փուլի մեկնարկը, որը տրվում է այսօր, լինելու է ավելի ակտիվ․ լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ցույցեր։ Այսօր առավոտից ՀՅԴ-ն կսկսի ակցիաները․ Իջևանից երթով դեպի Երևան կշարժվեն մարդիկ, որոնք համաձայն չեն այս իշխանությունների հետ։ Դեռ ապակենտրոն, ցանցային տարբերակով պետք է աշխատենք, բայց մի պահի պետք կլինի համախմբվել, միավորել ուժերը, քանի որ, առանց այդ էլ, շատ ժամանակ ենք կորցրել»,նշեց Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը կրկին հիշեցրեց, որ շարժմն նպտակը հզոր հայրենիք՝ Հայաստան-Արցախ ունենալն է, և ներկա իշխանությունների հեռացումը միջանկյալ քայլ է։ Նա իրազեկման արշավների դերը կարևորում է հանրությանը ոտքի հանելու, ավելի պահանջատեր դարձնելու առումով։

«Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի իրականացնում իր կուսակցական կամ անձնական շահն առաջ տանելու համար։ Վստահ եղեք նաև, որ որևէ մեկը չունի ամբիցիա, որ ինքը պետք է լինի առաջնորդ»,-շեշտեց Վանեցյանը՝ հավատացնելով, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները որպես առաջնորդի դիտարկելու են նրան, ով ավելի կհամատասխանի ստեղծված վիճակում։

Մեծ մասշտաբի գործողությունների անցնելու գլխավոր պայմանը, ինչպես նշեց Վանեցյանը, պայքարին էլ ավելի մեծ թվով մարդկանց ֆիզիկական ներգրավվածությունն է։

Please enter a valid URL