Search
Close this search box.

Ազատության հրապարակից տուն գնալ չպատրաստվող Թագուհի Թովմասյանը Աղվերանո՞ւմ է

Օրերս ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Երևանի Ազատության հրապարակում հայտարարել էր, որ սպասում են՝ փողոցում լայն զանգված հավաքվի, որից հետո կսկսեն իրենց բուն գործողությունները: Միևնույն ժամանակ Թովմասյանը արձանագրել էր՝ եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, նրանք չեն կարող փոխել։ Այս ամենին զուգահեռ նա հավաստիացրել էր, որ իրենք տուն չեն գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի հեռացել:

Այսօր ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, որով տեղեկացնում է, որ «2021 թվականի աշխատանքների ամփոփում և 2022 թվականի աշխատանքների պլանավորում» թեմայով արտագնա նիստով և եռօրյա աշխատանքային քննարկումով նախանշել են ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման մեկնարկը, որը, ըստ Բաքոյանի, մեծ աշխատանք ու նվիրում է պահանջելու։

Պատգամավորը նաև հավելել է, որ աշխատանքային քննարկմանը իր նշանակալից մասնակցությունն է ունեցել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, որը ևս մեկ անգամ վերահաստատել և կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հանձնաժողովի միջև սերտ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ հանուն ընդհանուր շահի ու նպատակի։

«Ամփոփեցինք մեր գործունեության մեկ տարին և դրեցինք նոր նախաձեռնությունների մեկնարկը, որի գլխավոր շահառուն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին և մեր պետությունը»,- վստահեցրել է ԱԺ պատգամավորը:

Նկատենք, սակայն, որ Բաքոյանի հրապարակած լուսանկարում Թագուհի Թովմասյանը ևս կա: Վերջինս ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Ի դեպ, «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ արտագնա նիստը և աշխատանքային քննարկումները տեղի են ունեցել Աղվերանում:

Հիշեցնենք նաև, որ Թագուհի Թովմասյանն այն պատգամավորն էր, որը որոշ ժամանակ առաջ ընդդիմադիր իր գործընկերներին առաջարկում էր վայր դնել պատգամավորական մանդատները: Ստացվում է, որ մանդատները վայր դնել առաջարկող, այնուհետև Ազատության հրապարակից տուն գնալ չպատրաստվող Թովմասյանի հայտարարություններում և գործողություններում այնքան էլ ներդաշնակություն չկա: Իսկ նրա խմբակցության ղեկավարը մի քանի օր է՝ փողոցում է:

Please enter a valid URL