Այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղի կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա կամ շրջանառության մեջ դրված լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրերն են տարածվել, թե պատրաստվում եմ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով հայտարարություններին, թե Հայաստանի իշխանությունը պատրաստվում է հանձնել Արցախը՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Արցախը հանձնողը պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի և Արցախի հանձնումը, ըստ էության, իրականություն դարձած կլիներ: «Հազար անգամ ներողություն խնդրելով ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախը առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի , որ ապահովենք արցախցիների վերադարձը իրենց տներ:
Մենք աննխադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել»,-հավելեց նա: